«Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձևերով»,-այսօր կառավարության նիստի սկզբում անդրադառնալով վերջին ակցիաներին` ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անընդունելի համարելով «ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը»: Հիշեցնելով օրերս ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան, երբ ցուցարարները պատգամավորների, նախարարների վրա մանրադրամներ էին նետում, Աբրահամյանը շեշտեց. «Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ… Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն»:
Վարչապետը միաժամանակ վստահեցրեց, որ նման գործելակերպը չի հանդուրժելու: Ավելին, նա հանձնարարեց արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ քննարկել այս հարցը և առաջարկել օրենսդրական ու կազմակերպական լուծումներ: «Եթե անհրաժեշտ է` հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն Սահմանադրության ազատությունները, միաժամանակ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»,- արձանագրեց Հովիկ Աբրահամյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ